login
Մամլո հաղորդագրությոններ
Համահայկական շախմատի առաջին մրցաշարը փառահեղորեն ավարտվեց առցանց հաղթական փակման արարողությամբ 06/29/2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) և Հայաստանի շախմատի ակադեմիան հունիսի 26-ին համատեղ կազմակերպել են Համահայկական շախմատի առաջին մրցաշարի փակման առցանց արարողությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը։ «Վիրտուալ մրցաշարը, որին մասնակցեց շուրջ 520 շախմատասեր աշխարհի 36 երկրից, տեղի ունեցավ սույն թվականի հունիս 8-26-ը ՀՎՀ-ի կրթական ինտերակտիվ հարթակում:

Առցանց արարողության սկզբում ողջույնի ուղերձով հանդես եկան ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ, ՀԲԸՄ կենտրոնական խորհրդի անդամ Երվանդ Զորյանը՝ խոսելով մրցաշարի առաքելության և նպատակների մասին, և Հայաստանի շախմատի ակադեմիայի նախագահ, գրոստմայստեր Սմբատ Լպուտյանը՝ անդրադառնալով շախմատ խաղի ազդեցությանը երիտասարդների ռազմավարական մտածողության զարգացման վրա:

Բացման խոսքից հետո հայտարարվեցին Համահայկական շախմատի մրցաշարի 2020 թվականի երեք չեմպիոնների անունները.

  • առաջին մրցանակակիր. Սարգիս Սարգսյան, 16 տարեկան, Վանաձոր, Լոռու մարզ, Հայաստան,
  • երկրորդ մրցանակակիր. Քըրք Ղազարյան, 14 տարեկան, Կալիֆոռնիա, ԱՄՆ,
  • երրորդ մրցանակակիր. Տիգրան Արզումանյան, 16 տարեկան, Գորիս, Սյունիքի մարզ, Հայաստան:

Բոլոր հաղթողները ստացան պատվոգրեր և հատուկ նվեր քարտեր ՀԲԸՄ ՀՎՀ-ի կողմից:

 

«Նման մրցաշար կազմակերպելու նպատակը միայն հաղթողներ ունենալը չէր, մեզ համար առավել քան կարևոր էր ստեղծել շախմատասերների աշխարհասփյուռ առցանց համայնք»,- իր շնորհավորական խոսքում շեշտեց դոկտ. Երվանդ Զորյանը:

 

Շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքով հանդես եկավ նաև Վազգեն Յակուբյանը՝ մրցաշարի հովանավոր ՀԲԸՄ Հայաստանի նախագահը:

 

Մրցաշարը կազմված էր երկու փուլից. տարածաշրջանային հինգ կիսաեզրափակիչ՝ Հայաստան և Արցախ, Ասիա և Օկեանիայի երկրներ, Եվրոպա, Ամերիկա, Միջին Արևելք և Աֆրիկա, այնուհետև եզրափակիչ մրցաշարի երեք տուր: Մրցաշարի հաղթողի տիտղոսը վիճարկեցին տարածաշրջանային կիսաեզրափակիչների և եզրափակչի երեք տուրերի հաղթողները:  Մրցախաղերի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան հետևել ՀՎՀ-ի շախմատի մուլտմեդիա առցանց դասընթացներին և շախմատի հայ չեմպիոնների հետ շախմատային առցանց դասեր անցկացնել՝ իրենց շախմատային հմտությունները զարգացնելու և խաղերին նախապատրաստվելու համար:

 

Ներկայացնենք Համահայկական շախմատի մրցաշարի տարածաշրջանային կիսաեզրափակչի հաղթողներին.

Հայաստանի և Արցախի մրցանակակիրներ՝

1-ին տեղ – Սարգիս Սարգսյան, 16 տարեկան, Վանաձոր, Լոռի

2-րդ տեղ – Տիգրան Արզումանյան, 16 տարեկան, Գորիս, Սյունիք

3-րդ տեղ – Մենուա Հակոբյան, 12 տարեկան, Երևան

 

Միջին Արևելքի և Աֆրիկայի մրցանակակիրներ՝

1-ին տեղ – Գևորգ Եղյան, 16 տարեկան, Հալեպ, Սիրիա

2-րդ տեղ – Էդուարդ Իսկանդարյան, 14 տարեկան, Բեյրութ, Լիբանան

3-րդ տեղ – Արսեն Քենյան, 9 տարեկան, Հալեպ, Սիրիա

 

Եվրոպայի մրցանակակիրներ՝

1-ին տեղ – Դանիել Կարապետյան-Հակոբյան, 13 տարեկան, Բարսելոնա, Իսպանիա

2-րդ տեղ – Դիմիտրիոս Լևոն Զաքարյան, 12 տարեկան, Օքսֆորդ, Միացյալ Թագավորություն

3-րդ տեղ – Հենրիկ Սերոբյան

 

Ամերիկայի մրցանակակիրներ՝

1-ին տեղ – Քըրք Ղազարյան, 14 տարեկան, Կալիֆոռնիա, ԱՄՆ

2-րդ տեղ – Սուրեն Ղազարյան, 15 տարեկան, Սասկատչևան, Կանադա

3-րդ տեղ – Էթան Բոլդի, 13 տարեկան, Կալիֆոռնիա, ԱՄՆ

 

Ասիայի և Օկեանիայի մրցանակակիր՝

 Շահան Աբու Սայեդ, 9 տարեկան, Նոր Դելի, Հնդկաստան

 

«Ես ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա մասնակցել ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի կողմից կազմակերպված համահայկական այս մրցաշարին: Ես ձեռք բերեցի բազմաթիվ շախմատասեր ընկերներ, ովքեր ապրում են աշխարհի տարբեր երկրներում»,  ասաց մրցաշարի Միջին Արևելքի և Աֆրիկայի առաջին մրցանակակիր Գևորգ Եղյանը:

 

Փակման արարողությանը մասնակցեցին շախմատի հայ անվանի չեմպիոններ և շախմատասերներ ամբողջ աշխարհից: Հաղթողներին իրենց շնորհավորանքի խոսքը հղեցին շախմատի կրկնակի Օլիմպիական չեմպիոն, գրոստմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը և շախմատի Եվրոպայի կանանց թիմային չեմպիոն, գրոստմայստեր Լիլիթ Մկրտչյանը: Մրցաշարի մասնակիցներ Էթան Բոլդին ԱՄՆից և Գևորգ Եղյանը Սիրիայից իրենց երախտագիտությունը հայտնեցին կազմակերպիչներին և կիսվեցին տպավորություններով:

 

Առցանց միջոցառման ավարտին ներկաները հնարավորություն ունեցան մասնակցել վիկտորինայի և շահել լրացուցիչ մրցանակներ: Յուրահատուկ անակնկալ էր պատրաստել նաև Հայաստանի շախմատի ակադեմիան: Շախմատի Եվրոպայի կանանց թիմային չեմպիոն, գրոստմայստեր Էլինա Դանիելյանը և Ռուսաստանի կանանց արագ շախմատի չեմպիոն Կարինա Համբարձումովան կայծակնային շախմատի երկու առցանց պարտիա խաղացին: Թեժ մթնոլորտում անցնող պարտիաները վարպետորեն մեկնաբանեցին շախմատի ԱՄՆ- ի կանանց առաջնության փոխչեմպիոն Տաթև Աբրահամյանը և շախմատի ԱՄՆ-ի փոխչեմպիոն Վարուժան Հակոբյանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Համահայկական շախմատի 2020թ. մրցաշարի փակման առցանց արարողությունը՝ տեսանյութում: